Խոհարարական խորհուրդներ՝ ԲԼՂՈՒՐ
Մարդկությունը բլղուրն օգտագործում է արդեն 4000 տարի: Այն ամբողջական ցորենի շոգեհարված, չորացրած, մանրացված և կեղևահանված տեսակն է: Ինչո՞վ է օգտակար, ինչպե՞ս և ի՞նչ համեմունքներով պատրաստել այն: Հարցեր, որոնք հետաքրքիր են:
Օգտակար հատկությունները
Ճիշտ շոգեհարված և չորացրած բլղուրն ունի ընկույզին բնորոշ համ: Այն հարուստ է կալցիումով, երկաթով և միներալներով, որոնք կարևոր են սրտի և անոթների համար: Բարդ ածխաջրերի պարունակության և ցածր գլիկեմիկ ինդեքսի շնորհիվ, այն հարմար է դիետիկ սննդակարգի համար: Բլղուրով հագեցած սննդակարգը նպաստում է արյան մեջ շաքարի և խոլեստերինի նվազմանն ու կարգավորմանը:
Խոհարարության մեջ
Բլղուրն առավել տարածված է հարուստ խոհարարական պատմություն ունեցող երկրներում՝ Հայաստան, Հնդկաստան, մերձավոր արևելք, միջերկրյածովյան երկրներ: Այն հիանալի համակցում են ձկնային և մսային ուտեստների հետ, հատկապես խոզի մսի հետ՝ չեզոքացնելով մսի ավելորդ յուղայնությունը: Բլղուրով պատրաստում են բանջարեղենային աղցաններ և անգամ աղանդերներ: Տոլման պատրաստելիս բրնձի փոխարեն կարելի է օգտագործել մանր բլղուր:
Պատրաստման կանոնները:
Յուրաքանչյուր տանտիրուհի կարող է համեղ պատրաստել բլղուրը, եթե իմանա պատրաստման կանոնները:
- Եփելիս շատ կարևոր է պահպանել ջրի և բլղուրի համամասնությունը, այն է՝ 1 բաժակ բլղուրին երկու բաժակ ջուր:
- Եթե չեք ցանկանում որպեսզի բլղուրը վերածվի շիլայի, եփելուց առաջ այն պետք չէ թրջել: Իսկ եթե նպատակը բլղուրից շիլան է, ապա նախորոք թրջելը անհրաժեշտ է:
- Ի դեպ շիլան կարելի է պատրաստել նաև կաթով, իսկ շիլային քաղցրություն հաղորդելու համար կարող եք ավելացնել քաղցր չիր:
- Բլղուրը ցանկալի չէ համակցել բազուկի, կարտոֆիլի, կաղամբի և հավկիթի հետ:
Ինչպիսի՞ համեմունքներ ընտրել բլղուրի հետ
Ինչ վերաբերում է համեմունքներին, ապա անհրաժեշտ է դրանք ավելացնել բլղուրի մեջ՝ ելնելով այն բանից, թե ինչպիսի՞ ուտեստ եք պատրաստում:
- Եթե բլղուրից պատրաստում եք խավարտ (гарнир), ապա կարելի է օգտագործել՝ ուրց, ռեհան, օրեգանո: Նրանք հաղորդում են ուտեստին յուրահատուկ համ:
- Խավարտի պատրաստման համար, ցանկալի է բլղուրը նախորոք տապակել բուսական յուղով:
- Եթե բլղուրը նախատեսված է բանջարեղենի լցոնման համար, ապա կարող եք ավելացնել մի փոքր անանուխ:
Իսկ ընդհանուր առմամբ բլղուրի հետ հիանալի համակցվում են սխտորը, կարմիր պղպեղը և կարրին: