VAS GroupVAS Group

Արևմտյան Հայաստանից մեզ հասած ամենահամեղ ու յուրօրինակ ուտեստներից մեկը՝ «ՎԱՆԱՔԱՇՈՎԻ»

VAS Group

Տարբեր երկրների խոհանոցների մի շարք ուտեստներ այսօր այնքան հանրաճանաչ են դարձել, որ նույնիսկ հանդիսանում են տվյալ երկրի այցեքարտը: Իսկ ավանդական հայկական այդքան բազմազան ու յուրահատուկ խոհանոցից ոչ միայն աշխարհին, այլև հենց մեզ՝ հայերիս, քիչ թվով ճաշատեսակներ են հայտնի: Մինչդեռ մեր խոհանոցը հարուստ է հետաքրքիր ու սննդարար բազմաթիվ կերակրատեսակներով, որոնք պետք է վերարժևորել, որոշները գուցե և՝ վերհիշել:
Շարունակելով ներկայացնել հայկական ավանդական ուտեստները, հուսով ենք կնպաստենք նրանց պահպանմանը և տարածմանը աշխարհով մեկ: Այս անգամ պատրաստում ենք «ՎԱՆԱՔԱՇՈՎԻ»:
Վանաքաշովի-ն Արևմտյան Հայաստանից մեզ հասած ամենահամեղ ու յուրօրինակ ուտեստներից է, որը պատրաստում էին Արևմտյան Հայաստանի Վանի բնակիչները: Այդտեղից էլ ստացել է «Վանաքաշովի» անվանումը: Այն ձմեռային կերակուր է, որի հիմնական բաղադրիչներն են՝ բլղուրը, միսը կամ տհալը (մսի պահածո), լոլիկը, սոխը և համեմունքներ:

Պատրաստելու համար անհրաժեշտ է՝

Տավարի միս կամ տհալ – 200գ
Բլղուր խոշոր– 200 գ
Լոլիկ պահածոյացված կամ թարմ – 2-3 հատ
Սոխ – 2 գլուխ
Կարագ – 50գր
Շաքարավազ – 1 պտղունց
Սամիթ, աղ, սև պղպեղ – ըստ ճաշակի

 
Պատրաստման համար՝

Եփել տավարի միսը, արգանակը պահել: Միսը կտրատել խոշոր կտորներով: Սոխ նույնպես կտրատել խոշոր կտորներով՝ նավակաձև: Թավան տաքացնել ավելացնել կարագ և սոխ: Տապակել սոխը մինչև թեթև դեղնավուն գույն ստանալը, ավելացնել մի պտղունց շաքարավազ, որը սոխին կհաղորդի փայլ և կկարամելացնի: Համեմել աղով և սև պղպեղով: Տապակած սոխին ավելացնել կտրատած միս և միասին տապակել: Ավելացնել բլղուրը, աղել մի փոքր և միասին տապակել 1-2 րոպե: Այդ ընթացքում կեղևազատել լոլիկները և կտրատել խոշոր կտորներով և ավելացնել տապակին, վրան լցնել արգանակը, այնքան որ ծածկի: Ավելացնել մի կտոր կարագ և փակել կափարիչով: Եփել 10րոպե մարմանդ կրակի վրա՝ մինչև ջուրը քաշվի և բլղուրը եփի: Վերջում կտրատել սամիթը և ավելացնել ուտեստին: Ուտեստը կարելի է մատուցել թանով:

Բարի ախորժակ