Ազգային խոհանոցի հնագույն ուտեստներից մեկը՝ «ՔԱԼԱԳՈՇ»
Շարունակում ենք հարստացնել ավանդական ուտեստների շարքը: Պատրաստում ենք ազգային խոհանոցի հնագույն ուտեստներից մեկը` «Քալագոշ»։ ՔԱԼԱԳՈՇ-ը Վան-Վասպուրական նահանգի խոհանոցից է, ընդունված է պատրաստել ձմռանը կամ գարնանամուտին։ Հատկապես բարեկենդանի ժամանակահատվածում այն անհրաժեշտություն է, չէ որ Մեծ Պահքի ժամանակ մսամթերքին համարժեք փոխարինող հանդես է գալիս ոսպը: Այն սպիտակուցների մեծ աղբյուր է և սննդարար է: ՔԱԼԱԳՈՇ-ը պատրաստվում է մեծ կաթսայով և մատուցվում՝ խաշի նման բազմամարդ սեղանում, յուրաքանչյուրը իր ափսեի մեջ լցնում է չոր լավաշ, վրան՝ խաշած ոսպ, ապա ջրով բացած քամած մածուն, իսկ ամենավերջում՝ սոխառած:
Եվ այսպես, եկեք պատրաստենք՝
Անհրաժեշտ է՝
Ոսպ - 1 բաժ.
Սոխ - 1 գլ.
Աղ, Կարմիր պղպեղ – ըստ ճաշակի
Բուսայուղ
Չոր ծիտրոն
Քամած մածուն - 200 գ
Լավաշ 1 հատ
Պատրաստման եղանակը՝
2 բաժակ ջուր եռացնել, ոսպը լցնել, եփել: Քամած մածունը 1 բաժակ ջրով բացել, համեմել աղով և չոր ծիտրոնով: Կավե ամանի մեջ կտրտած լավաշ դնել: Սոխը մանր կտրատել, և տապակել բուսայուղով մինչև դեղնի, համեմել աղով, ծիտրոնով, կարմիր պղպեղով և կրակից վերցնել: Սոխառածից առանձնացնել 1 ճ.գդալ, մնացածը խառնել ջրքամած ոսպի հետ: Ավելացնել աղ, խառնել և լցնել լավաշի վրա: Վրան ավելացնել բացած քամած մածունը և 1 գ. սոխառածը: 5 րոպեով տեղափոխել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոց: Մատուցել տաք վիճակում:
Բարի՛ ախորժակ