Հայկական ավանդական "ՊՈՉԱՊՈՒՐ" կարմիր լոբով
“Պոչապուր”-ը Հայկական օջախներում ընդունված է եղել պատրաստել կարմիր լոբով և հատկապես ձմռան ամիսներին, իսկ արմատները գալիս են Գյումրիից: Սակայն ժամանակի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերում ճաշատեսակը փոփոխությունների է ենթարկվել և այսօր կան ՊՈՉԱՊՈՒՐԻ կամ լոբով ապուրի բազմաթիվ բաղադրատոմսեր:
Իսկ ինչու՞ «պոչապուր»:
Այս բաղադրատոմսում լոբին եփելուց հետո ավելացնում են կտրատած երկարավուն խմորներ: Ապուրը պատրաստ լինելուն պես, երբ բարձրացնում են կաթսայի կափարիչը, խմորի փոքրիկ կտորներն հիշեցնում են լոբու սպիտակ պոչերի: Այդտեղից էլ կերակուրը ստացել է «պոչապուր» անվանումը: Երբ ափսեները լցվում են պոչապուրով, սեղանին են հայտնվում նախապես ճզմած սխտորը, գինին ու թթու վարունգը:
Ապուրի համար անհրաժեշտ է.
Կարմիր լոբի - 500 գ
Հավկիթ - 1 հատ
Ալյուր - 1 բաժակ
Սոխ - 2 գլուխ
Համեմ, մաղադանոս – ըստ ճաշակի
Կարմիր պղպեղ, աղ – 0,5 ճ.գ.
Սև պղպեղ և խմելի-սունելի` ըստ ցանկության
Բուսական յուղ - 150 գ
Սխտոր` ըստ ցանկության
Օգտագործեք Maltagliati ապրանքանիշի արագ եփվող, բարձր որակի կարմիր լոբին:
Պատրաստման եղանակը՝
500 գ լոբու վրա լցնել 2 լ ջուր և եփել: Եփելու ընթացքում ավելացնել կես ճաշի գդալ աղ: Մինչև լոբին եփում է, պատրաստել խմոր: Թասի մեջ կոտրել մեկ հավկիթ, հարել, հետո ավելացնել մեկ բաժակ ջուր, մի պտղունց աղ` շարունակելով հարել: Ավելացնել նաև մեկ բաժակ ալյուր: Եթե խմորը թույլ է ստացվում, կարելի է դարձյալ ալյուր ավելացնել և շարունակել խմորը հունցել ձեռքերով, մինչև ստացվի պինդ խմոր:
Խմորից պատրաստել երկու փոքր գնդեր, թողնել, որ խմորը հանգստանա 10 րոպե: Այնուհետև սեղանի վրա ալյուր ցանել, գրտնակով գունդը կլոր բացել, վրան նորից ալյուր ցանել և դանակով կտրատել ուղղահայաց, այնուհետև թեք հորիզոնական: Ստացվում են խմորի փոքր կտորներ: Խմորի կտորները լցնել լոբով ապուրի վրա` շարունակ խառնելով, որպեսզի իրար չկպչեն: Այդ ընթացքում կրակը պետք է մարմանդ լինի:
Առանձին թավայի մեջ լցնել 150 գ ձեթ, 2 գլուխ մանր կտրատած սոխը և սոխառած անել` անընդհատ խառնելով: Ավելացնել կես ճաշի գդալ կարմիր պղպեղ: Կարելի է նաև սև պղպեղ` ըստ ցանկության: Սոխառածին ավելացնել երկու գդալ ապուրի հյութից, այնուհետև մեկ գդալ ալյուր` շարունակելով անընդհատ խառնել: Երբ դառնում է համասեռ զանգված, լցնում ենք ապուրի վրա: Թողնում ենք մի հինգ րոպե եփի և ավելացնում կտրատած համեմ ու մաղադանոս, խմելի սունելի` ըստ ցանկության: