Մեր քաղաքը՝ Երևանը, իր հետաքրքրություններով և յուրահատկություններով:
Երևանն աշխարհի հնագույն և զարմանահրաշ քաղաքներից է: Կառուցել է ուրարտական Արգիշտի Ա արքան մ.թ.ա. 782 թվականին, իսկ այս տարի այն դառնում է 2801 տարեկան:
Մեր քաղաքը յուրային է իր բոլոր առավելություններով և թերություններով, այն ջե՛րմ է, հյուրասե՛ր: Այստեղ կարելի է տեսնել շատ հետաքրքիրն ու անսովորը: Մի քիչ Երևանի մասին՝
- Երևանը հաճախ անվանում են «վարդագույն քաղաք», քանի որ շինությունների մեծամասնությունը կառուցված է վարդագույն տուֆից:
- 2018 թվականի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմում է 1 մլն 77 հզր մարդ: Ընդ որում այդ բնակչության 98.9% -ը հայեր են: Տեղացիները բավականին լավ հասկանում են ինչպես ռուսերեն, այնպես էլ անգլերեն:
- Երևանի սիրտը` Հանրապետության հրապարակն է, որը նախագծել է ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյանը 1924-1936 թթ.: Այն Երևանի գլխավոր հատակագծի հիմքն է: Հրապարակում գերիշխում են ճկուն կամարաշարերը, ազգային հյութեղ զարդանախշերը և քարի նուրբ վարդագույն ներկապնակը։ Այստեղ են գտնվում նաև կենտրոնական երգող շատրվանները, որոնք նույնպես նախագծել է ճարտարապետ Ալ. Թամանյանը դեռևս 1939 թվականին:
- Հայաստանի մայրաքաղաքում դուք երբեք ծարավից չեք մեռնի, քանի որ փողոցներում շատ են ցայտաղբյուրները, որոնք ժողովուրդն անվանում է «պուլպուլակ»:
- Քաղաքում գործում է համեմատաբար երիտասարդ մետրոպոլիտենը, որը բացվել է 1981 թվականի մարտի 7-ին: Այն ունի մեկ գիծ և 10 կայարան: Ինչպես կատակում են տեղացիները, մետրոն միացնում է կենտրոնը կենտրոնին:
- Մայրաքաղաքում է գտնվում Հայաստանի ամենամեծ եկեղեցին` Երվանդ Քոչարի փողոցում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին: Այն հիմնվել է 1997 թվականին, նախագծի հեղինակը Ստեփան Քյուրքչյանն է:
- Հայաստանի մայրաքաղաքն ունի տարվա մեջ միջինը 300 արևոտ օր, այստեղից էլ` 20 «արևոտ Երևան» անվանումը:
- Երևանում ընդունված չէ հյուր գնալիս կոշիկները հանել:
- Մեքենայի ազդանշանով վարորդներն ողջունում են միմյանց:
- Տեղի բնակիչները շատ են սիրում սուրճ` առավոտը սկսվում է սուրճից, ճաշը, ընթրիքը, բոլոր հանդիպումները և գործերն անպայման արվում են մի գավաթ սուրճի շուրջ:
"ՎԱՍ ԳՐՈՒՊ"-ը շնորհավորում է Երևանի 2801 ամյակը, և բոլորին հրավիրում` արևոտ Երևան: