Որո՞նք են բրնձի տեսակներն ու առանձնահատկությունները
Բրինձը հնագույն հատիկեղեններից է: Այն տարածված է բոլոր մայրցամաքներում: Իսկ աշխարհում ամենատարածված հացահատիկային ուտեստները պատրաստվում են հենց բրնձից: Գոյություն ունեն բրնձի տարբեր տեսակներ, որոնք իրենց հերթին բաժանվում են ենթատեսակների, և որպեսզի լիարժեք վայելենք բրնձով պատրաստված այս կամ այն ուտեստի համը, անհրաժեշտ է իմանալ թե բրնձի ո՞ր տեսակն է համապատասխանում այդ ուտեստին: Չէ՞ որ յուրաքանչյուր բրինձ ունի իրեն բնորոշ հատկություններն ու յուրահատուկ համը:
Եվ այսպես, եկե՛ք ծանոթանանք բրնձի նրբություններին և առանձնահատկություններին, այդ ժամանակ հեշտությամբ ճիշտ ընտրություն կկատարենք: Իսկ ընտրությունը մեծ է…
Բրնձի տեսակներն ըստ հատիկի ձևի
Երկարահատիկ: Մեզ շատ ծանոթ տեսակ, ունի բարակ երկարավուն կառուցվածք: Երկարությունը հասնում է մինչև 8մմ:
Միջին հատիկավոր: Ի տարբերություն երկարահատիկ բրնձի, միջին հատիկավորներն եզրերից ունեն կլորավուն տեսք: Իսկ հատիկների երկարությունը հասնում է միչև 6 մմ:
Կլորավուն: Այս բրնձի հատիկներն ունեն կլոր տեսք, երկարությունը հասնում է ամենաշատը մինչև 5 մմ:
Բրնձի տեսակներն ըստ հատիկների մշակման եղանակների
Շականակագույն բրինձ /չհղկված բրինձ/: Այս տեսակը ենթարկվում է նվազագույն մշակման, որի արդյունքում պահպանվում է հատիկի կեղևը: Հենց սա էլ հաղորդում է շականակագույն բրնձին ընկույզի համային երանգներ: Չհղկված բրինձն առանձնանում է վառ ընդգծված համով և անկրկնելի բույրով: Սակայն իր ամենագլխավոր առավելությունը կեղևի մեջ առկա վիտամիններն ու սննդանյութերն են: Այնպես որ այն հարցին, թե ո՞ր բրինձն է ամենաօգտակարը, պատասխանում ենք՝ չհղկվածը:
Սպիտակ բրինձ /հղկված/: Այս տեսակը առավել տարածված է: Հատիկները հարթ են և հավասարաչափ: Գույնը՝ սպիտակավուն, եփվում են 10-15 րոպեի ընթացքում: Ի տարբերություն շականակագույն բրնձի, պարունակում են մի փոքր ավել օսլա, մի փոքր քիչ վիտամիններ և սննդանյութեր: Սա պայմանավորված է հատիկների առավել խորը մշակմամբ: Այնուամենայնիվ, այս բրնձի գլխավոր առավելությունը պատրաստման պարզունակությունն է, երկարաժամկետ պահպանման ժամկետը, և հասանելի գինը:
Շոգեհարած բրինձ: Մշակման հատուկ տեխնոլոգիան բրնձին հաղորդում է կիսաթափանցիկություն և սաթե երանգ: Գոլորշիով մշակումը թույլ է տալիս պահպանել օգտակար նյութերի մեծ մասը: Եփելուց հետո սաթե երանգը անհետանում է և բրինձը դառնում է սպիտակ: Գոլորշիով մշակման արդյունքում բրնձի հատիկները դառնում են ավելի ամուր և հետևաբար պատրաստման ժամանակահատվածը ավելի մեծ է՝ մոտ 20-25 րոպե, սակայն այն ավելի համեղ է: Շոգեհարած բրնձի հատիկները չեն կպչում իրար նույնիսկ ուտեստը երկրորդ անգամ տաքացնելուց հետո:
Բրնձի տեսակներն ըստ գույնի
Բացի ավանդական և ամենատարածված սպիտակ բրնձից, գոյություն ունեն նաև դեղին, կարմիր, մանուշակագույն անգամ սև: Սրանցից մի քանիսը լայն տարածում ունեն և համարվում են «բրնձային էլիտա», որոշներն էլ ավելի քիչ են տարածված և օգտագործվում են իրենց աճեցման տարածաշրջանում: Եկեք անդրադառնանք դրանցից լավագույններին և առավել տարածված տեսակներին:
Բասմատի: Իզուր չէ, որ այն անվանում են «բրնձի թագավոր»: Ունենալով նուրբ հյուսվածք և վառ ընդգծված ընկույզային համ, այն ոչ ոքի չի թողնի անտարբեր: Բասմատի բրնձի հատիկներն ամենաերկարն են: Այս բրնձի արժեքը համեմատաբար ավելի թանկ է, այն գնահատվում է ըստ որակի, օրինակ հնդկականը ավելի թանկ է, Պակիստանինը ավելի ցածր գին ունի, իսկ ահա ԱՄՆ-ում աճեցված բրինձը չի համեմատվի ոչ համով ոչ էլ բույրով:
Ժասմին: Այս տեսակի բրինձն ունի յուրահատուկ նուրբ բույր, հիշեցնում է ժասմինի բույրը: Եփելուց հետո հատիկները չեն փլվում: Եվ չնայած հատիկները ստացվում են փափուկ, այնուամենայնիվ, նրանք պահպանում են իրենց կառուցվածքը և մնում են փխրուն:
Իտալական Արբորիո: Արբորիո բրինձը ծնունդով Իտալիայից է, սակայն սիրված է նաև Իտալիայի սահմաններից դուրս: Արբորիոն իտալական միջին հատիկավոր բրինձ է, որը հիմնականում օգտագործվում է իտալական «ռիզոտտո» պատրաստելիս: Այս բրնձի հատիկները ջերմային մշակման ժամանակ արտադրում են ցանցաշերտ, ինչի շնորհիվ ճաշատեսակը ստանում է նուրբ կրեմանման համ:
Վալենսիա: Կլորավուն Վալենսիան նման է Արբորիոյին: Այն անվանում են նաև Պաելիա, քանի որ իսպանացիներն իրենց ազգային ուտեստը՝ Պաելիան, պատրաստում են հենց այս բրնձից:
Եգիպտական Կամոլինո: Այս բրինձը հանդիսանում է իսկական գոհար: Աճում է Եգիպտոսում, ունի յուրահատուկ համ և բույր: Եփելիս չի կպչում և ստացվում է շատ նուրբ:
Սև բրինձ: Աճում է Տիբեթում, այդ պատճառով անվանում են նաև Տիբեթյան: Սա թանկարժեք տեսակ է: Անվանում են նաև «արգելված», քանի որ Հին Չինաստանում այն մատուցվում էր բացառապես չինական կայսրերի սեղանի շուրջ: Շատ տպավորիչ է նայվում սև բրինձը սպիտակի հետ:
Ընդհանրացնելով նշենք, որ երկարահատիկ տեսակներն ավելի ամուր են և փխրուն: Այդ պատճառով հարմար են նախուտեստների, աղցանների, փլավների և խավարտների համար:
Իսկ եթե ցանկանում եք պատրաստել "Ռիզոտտո" կամ "Պաելիա", կարող եք օգտագործել միջին հատիկավորները:
Կլորավուն բրինձն ունի բարձր կպչողականություն, հետևապես, կատարյալ է կաթնային շիլաների, ապուրների և սուշի պատրաստելիս: Ինչպես նաև գերազանց է կարկանդակների, պուդդինգների և այլ աղանդերների համար: Պատրաստեք համեղ և օգտակար ուտեստներ, բացահայտելով ՁԵզ համար բրինձների բազմազանությունը և ըստ արժանվույնի գնահատեք "հատիկեղենների թագավորին":